09 12 2024

Փաշինյանը վազում է լարի վրայով, երբ ընկավ՝ ընկավ․ «Կարճ ասած»



 

Ցավալի իրադարձություններ են տեղի ունենում Սիրիայում։ Վերլուծաբաններն արձանագրում են Իրանի ու ՌԴ դիրքերի թուլացում տարածաշրջանում` կապված պրոթուրքական ահաբեկիչների կողմից երկիրը գրավելու հետ, կանխատեսում են տարածաշրջանում խառնակության ավելացում, Թուրքիայի ու Արևմուտքի ձեռքով։ Սիրիայում կանխատեսվող վատագույն սցենարի պարագայում երկիրը կտոր-կտոր կլինի։ Թուրքիան կստանա իրենը, Իսրայելը, որ մինչ այս Սիրիայում թիրախների էր հարվածում, այսօր մտավ Սիրիա, խախտեց սահմանը։ Տեսնում ենք, թե որքան է հեշտացել այլ պետության տարածք մտնելը, սահման խախտելը։ Ու կախված նրանից, թե որ երկրի դաշնակիցն է, դատապարտում են կամ շնորհավորում։ Սիրիայի պարագայում լսեցինք շնորհավորանքներ։ Խառը տարածաշրջանում, բնականաբար, անհանգստություն կա, թե ի՞նչ կարող է լինել մեզ հետ․ Ադրբեջանը մեծ տեմպով զինվում է, «Զանգեզուրի միջանցքի» թեման ակտիվացրել են․ իսկ թուրքական ահաբեկիչները, որ 44-օրյա պատերազմին մասնակցում էին, որ օրերս մտան Սիրիա, ի՞նչն է խանգարում նաև Հայաստան մտնել։ Կարդում ենք, թե Ռուսը, Իրանը, Թուրքիան վարի տվին Սիրիային և այլն։ Իսկ կարող ա՞ մեզ էլ վարի տան։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի փաստացի ղեկավարությունը։ Փաշինյանը մե՛կ տեսանյութ է հրապարակում, թե կինը հազարերորդ անգամ տոլմա եփեց, հեծանիվ է քշում կիլոմետրերով, մեկ տեսանյութ է հրապարակում, թե՝ հրապարակի տոնածառը զարդարված է, մեկ ցույց է տալիս, որ կինն անցել է ձվաձեղի, հետո կոշիկներով բազմոցին պառկած տեսանյութ է հրապարակում։ Հիմա էլ 20 հատ ֆոտո է հրապարակել, որ մարդ ու կին Ֆրանսիայում կարմիր գորգի վրայով քայլում են։ 

Լավ, մտածում եմ, ինչի՞ համար է էս ամենը, եթե միևնույն է՝ վարկանիշ չի աճում, ավելին՝ հայհոյում են խմբակային։ Էս շոուների իմաստը ո՞րն է։ Կարծում եմ՝ իմաստ չկա։ Ուղղակի եթե դա չանեն, բա ի՞նչ անեն։ Նրանք այլ բանի ընդունակ չեն, քան իրենց ցույց տալով հանրությանը զբաղեցնել։ Որևէ խոստում չի կարող կատարել, իսկ որոշ դեպքերում էլ՝ չի ուզում։

Երբեմն զբոսնելիս տեսնում եմ՝ միշտ նույն մարդուն նստարաններից մեկին պառկած, տնանկ է, կարծեմ, ո՛չ գնալու տեղ ունի, ո՛չ մնալու տեղ ունի, անցող-դարձողը հաց է տալիս, ուտում է։ Նրան ոչ մի հարցով չեն դիմում, որովհետև էս աշխարհում ոչ մի բան կախված չէ նրանից, ոչ մի բանի վրա չի կարող ազդել։ Նաև մի մեծահարուստի գիտեմ, բառադի տղա ունի, ձեռքից բան չի գալիս, ամեն ինչ խառնում է, հերը ամեն ամսվա ծախսի համար փող է տալիս, ասում է գնա, ինչ ուզում ես արա, մենակ մի խառնվիր իմ գործերին, մենակ փչացնում ես։ Նիկոլի իշխանությունը այ էս երկու օրինակներիս են նման՝ ոչ մի բանի վրա չեն կարող ազդել դրականորեն, ինչին ձեռք են տալիս, փչանում է, քանդվում։ Ու քանի որ նրանից բան կախված չէ, դրա համար էլ հանգիստ ֆռֆռում են, մարդկանց են զբաղեցնում, տոնածառի լույսերի սալյուտն են գովազդ անում։ 2022թ․ երբ Արցախում շրջափակումը նոր էր սկսել, դա համընկավ Երևանում տոնածառի լույսերի վառմանը, էլի շքեղ շոու արեցին, էլի իրենցից բան կախված չէր, զբաղեցնում էին մարդկանց։ Իհարկե՝ տոնածառն էլ պետք է լինի, սալյուտն էլ, փարթին էլ, ժողովուրդ ջան․ բայց էդ փարթին պետք է անի ժողովուրդը, իշխանությունն էլ զբաղվի պետականության ամրությամբ, որ ժողովուրդը հանգիստ իր տոներն անի։ Մեզ մոտ պարի կավալերը իշխանությունն է։

Ղեկավարներ են փոխվում, ռեժիմներ են տապալվում, պատերազմներ են լինում այ հենց այս օրերին, իսկ մեր երկրի փաստացի ղեկավարը միայն սենսացիաներ է առաջացնում իր թիմում։ Էս խառը իրավիճակում մեզ մոտ ներիշխանական շոու է՝ զարդարված հրապարակի տոնածառի լույսերով։ Նիկոլը, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ՝ անգամ փոքրիկ խաղ չի կարողանում խաղալ, փորձում է ցույց տալ, թե ինքը ուժեղ է ներսում ու հատկապես՝ իր թիմում։ Դա ապացուցելու համար իր թիմում անում է այն, ինչ պրոթուրքական ահաբեկիչները՝ Սիրիայում։ Նիկոլն ուզում է թիմին ապացուցել, որ իրեն դեռ ճանաչում են որպես թիմի ղեկավար։ Էն Սպիտակաձյունիկի մեջի կախարդ թագուհու հայելու նման՝ հայելի, հայելի, ո՞վ կա ինձնից սիրուն ավելի։

Ի՞նչ է անում․ ՍՄՍ-ով հեռացնում է պաշտոնյաների՝ ինքն իրեն ու թիմին ապացուցելու համար, թե՝ տեսեք, ես ունեմ բացարձակ իշխանություն, կարողանում եմ հանել գործից ում ուզում եմ, էն էլ՝ ՍՄՍ-ով, դաժե էն պաշտոնյաներին, ում կպնելու իրավունք չունեմ, ես էնքան կամ, որ բոլորը ենթարկվում են ինձ ու ամեն ինչ իմ կոնտրոլի տակ է։ Ձեզանից որևէ մեկը հասկացա՞վ, թե փոփոխությունների իմաստը որն էր։ Վահե Ղազարյանին Արփինե Սարգսյանով փոխելու իմաստը ո՞րն էր․ էլի սաղ օրը կրակում են, էլի հանցագործությունը եռում է։ Բադասյանին էն մյուսով փոխարինելու իմաստը ո՞րն էր։ Դրա մեջ կար էնքան իմաստ, ինչքան իմաստ կար Նիկոլի նկարած վիդեոյի մեջ, որտեղ Աննան ձվաձեղ է սարքում։ Կապ չունի, որ իր բերած ամեն հաջորդ կադր նախորդից վատն է․ նա ուղղակի իր թիմին ասում է, որ ինձ համար սաղդ էլ մեկ եք, որ մեկին էլ որ պահի ուզենամ, կհանեմ գցեմ դուրս, ոչ մեկդ կարևոր չեք ինձ համար։ Տեսա՞ք, բոլորին էլ շնորհակալություն հայտնեց արած աշխատանքի համար․ այսինքն՝ հրաժարականի պատճառը վատ աշխատելը չէր։ Այո, նրանք ահավոր վատ էին աշխատում ու նրանց աշխատանքը միտված է եղել միայն Նիկոլի իշխանության պահպանմանը․ բայց դրա համար չէ, որ գնացին, այլ նրա համար, որ Նիկոլը թիմին ապացուցելու բան ունի․ թե՝ ուժեղ է։ Որ մեկն էլ գնաց, ուղղակի պատահականության սկզբունքով էր։ Ասենք՝ ԱԱԾ տնօրենին դեռ ՍՄՍ չի գնացել, բայց ամեն վայրկյան կարող է նա ընկնել հաջորդ խմբաքանակի մեջ, երբ Նիկոլը դարձյալ կարիք ունենա համոզելու, որ ուժեղ է ավելին, քան ուժայինների ղեկավարները։

Իսկ ինչո՞ւ է փորձում համոզել, թե ինքը ուժեղ է։ Դա, պարզ հոգեբանական վիճակ է․ գալիս է իր մեծ վախերից։ Ինքն իր վրա, իր թիմի վրա չունի վստահություն։ Եթե ունենար էդ վստահությունը, պատկերացրեք, որ կնշանակեր մի որակյալ կադրի պաշտոնի ու ամբողջ պաշտոնավարման ժամանակ ձեռք չէր տա, իր հետ բերել էր, իր հետ կգնար։ Նա վախենում է իր թիմակիցներից։ Ու էդ վախերը, կարծում եմ, լավագույնս ապացուցեց Հովիկ Աղազարյանի հետ կատարվածը։ Անկախ նրանից, որ Հովիկ Աղազարյանը դավաճանական խմբակի մաս է, միևնույն է՝ նրա հետ կատարվողը դուրս է բարոյականության դաշտից։ Ի՞նչ արեց Նիկոլը, պատգամավորներից երկուսին ՍՄՍ ուղարկեց, որ հրաժարական տան, մեկը ենթարկվեց, մյուսը՝ ոչ, փորձեց ցույց տալ, իբր ուժեղ է, մանավանդ որ ՔՊ հիմնադիր անդամ է, տարիքով մարդ է և երևի մտածել է՝ ինքնուրույնություն ունի։ Ու վախը պատեց Նիկոլին․ ոնց, էս մեկը որ հրաժարվեց հրաժարական տալ, կարող ա արդեն խմբակցությունը ձեռքից գնում է։ Ու սկսեց օր ծերության այդ ուսապարկին փչացնելու գործընթաց․ 2018-ին նրան զրոյից բարձրացրեց վերև, սարքեց ինչ-որ բան, հիմա ոչ թե իջեցնում է էլի զրո, այլ՝ դրանից ներքև, որքան հնարավոր է։ Նա այդ քայլով ժողովրդին, կարծում եմ, ոչինչ չունի ապացուցելու, իր թիմին է ցույց տալիս, թե ուժեղ է, որևէ մեկը շշկռեց իրեն չլսեց՝ նվաստացնելու է, անձնական նամակները բացելու է, տպի տարածի սաղ թիմին ու սաղ թիմով կարդան։ Էն իր ֆեյք կայքերն էլ, որ առաջ զբաղված էին ստեր տարածելով, նույնը անելու են ցանկացած ՔՊ-անի հասցեին։

Օրինակ՝ մինչ այս խոսակցություններ կային, որ ԱԺ-ից Ալեն Սիմոնյանին է փուռը տալու, որպես ՔՊ-ի ամենաաղմկահարույց, անընդունելի դեմքերից մեկը․ Ալենը փրկվեց, բայց վստահ եմ՝ ընդամենը ժամանակավոր ու պատահականության սկզբունքով, նրան էլ մի օր կհասնի, մի տեսակ շատ է վերջերս ակտիվացել, ինչ-որ ինքնուրույն բաներ է անում, իրեն մյուս ուսապարկերից վեր է դասում։ Գուցե մի պահ դանակը հասնի ոսկորին, ու թիմով վարի տան, բայց անգամ միասին այդ թեման քննարկելն էլ այս պահին նրանց համար վտանգավոր է, քանի որ ամենուր ունի ականջներ։ Հենա, տեսա՞ք Անդրանիկ Քոչարյանը ոնց սսկվեց, սաղ օր խոսում էր, դասեր էր տալիս։ Նրանք էլ, որ հավաքված չեն որևէ սկզբունքի շուրջ, պատրաստ են թիմակիցների հետ հաց կիսել, նստել նույն շարքում, պաչիկով բարևել, երդվել, որ իրար եղբայր են, բայց մեկ հրահանգով հետո հարձակվել իրար վրա։

Իսկ ինչո՞ւ է Նիկոլը վախենում․ շատ պարզ, որովհետև նա բոլորից լավ գիտի, որ վարչապետի այդ աթոռը իր տեղը չէր, իր հագով չէ, չի էլ հասկանում դեռ մինչ հիմա՝ ինչի համար է, ինչ անի, ինչը՝ ոչ, ու վախենում է ամեն պահ կորցնել այն․ դա էլ իրեն թվում է, որ մահ է։ Իսկ թե իր վախերի հաջորդ զոհը, հաջորդ Հովիկը ով է լինելու, կերևա շուտով, որովհետև էդ վախերը չեն վերանալու, գնալով շատանալու են, ինչպես որ շատանում է իր մեղքի ծանրությունը։ Այո, ինչ անում է՝ հանցագործություն է, պաշտոնեական դիրքի չարաշահում է, բայց դա ապագայի քրգործ կլինի։ Չէ՞, որ նա անցել է անդառնալիության կետերը մի քանի անգամ, արդեն։

Կարճ ասած՝ այս ծանր իրավիճակում, աշխարհաքաղաքական այս քաոսի ֆոնին, երբ մեր երկիրը ունի ամենանվազագույն դիմադրողականության մակարդակը, Նիկոլի նման ղեկավար ունենալը․․․ Ինչ ասեմ, մարդ վախենում էլ ա մտածել, թե ինչեր կարող է լինել մեզ հետ ու որքան անկարող է այն մարդը ով կոչված է այդ քաոսի միջով մի ամբողջ պետություն տանել, դուրս հանել, հնարավոր քիչ կորուստներով։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ